ՀԱՅ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ X-XIV ԴԱՐԵՐՈՒՄ

X-XIV դդ. հայ պատմագրությունը մեծ վերելք ապրեց: Պատմագրության`մինչև այդ եղած ժանրերից բացի առաջանում էին նոր ժանրեր`Տիեզերական պատմություն և տարեգրություն:

V-VIII դարերում հատկապես տարածված էր Հայոց պատմության շարադրանքը, որն իր գոյությունը պահպանեց նաև X-XIV դարերում: Պատմիչն իր երկը սկսում էր այն ժամանակահատվածից, որտեղ ավարտվել է ավելի վաղ գրվածը:

Այս ուղղության պատմիչների շարքում, թերևս, ամենակարևոր դեմքերից է Հովհաննես Դրասխանակերտցին (897-929թթ.): Նա հիանալի կրթություն է ստացել: Հայոց կաթողիկոսի պաշտոնում եղել է ավելի քան քառորդ դար: Իր «Հայոց պատմություն» աշխատությունը սկսել է Հայկի և Բելի ժամանակներից և հասցրել է մինչև իր ապրած օրերը (924 թ.): Մինչև 9-րդ դարի կեսի պատմական նյութը նա քաղել է Աստվածաշնչից և իրեն նախորդող պատմիչների գործերից, իսկ 9-րդ դարի երկրորդ կեսի ու 10-րդ դարի առաջին քառորդի պատմությունը նկարագրել է իր տեսածով ու լսածով` հաղորդակից ու մասնակից լինելով իր ժամանակ կատարված դեպքերին։ Դրասխանակերտցու «Հայոց պատմություն»-ը աշխարհաբար է թարգմանել Թոսունյանը։

Աղբյուրը` Հայոց պատմ. դասագիրք 11,հումանիտար հոսք, Երևան 2010, էջ 90

Հովհ. Դրասխանակերտցի

Հայոց պատմության շարքի հաջորդ պատմագիրը Արիստակես Լաստիվերցին է: Լաստիվերցին խորացել է աստվածաբանության և ճարտասանության մեջ, տիրապետել է հունարենին, ուսումնասիրել Հայաստանի և Բյուզանդիայի պատմությունը: Ամենայն հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցու հանձնարարությամբ գրել է «Պատմություն» երկը, որտեղ ներկայացնում է 1000- 1071 թթ. վերաբերող պատմական իրադարձությունները: Նկարագրում է սելջուկ-թուրքերի արշավանքները՝ մանրամասն ներկայացնելով դրանց ընթացքում հայոց աշխարհին հասած արհավիրհքները, կոտորածները և ավերածությունները; Անդրադառնում է նաև Անիի Բագրատունյաց թագավորության անկմանը և Թոնդրակյան շարժմանը: Բաղկացած է չափածո նախերգանքից, 25 գլխից և հեղինակի հիշատակարանից: Բուն շարադրանքն ընդգրկում է 1000–45-ի հայ-բյուզանդական հարաբերությունները, սելջուկյան արշավանքները 1047–1048-ից մինչև Անիի գրավումը (1064) և Մանազկերտի ճակատամարտը (1071):

Աղբյուրը` Հայոց պատմ. դասագիրք 11,հումանիտար հոսք, Երևան 2010, էջ 90

Արիստակես Լաստիվերցի

Հաջորդը Կիրակոս Գանձակեցին է: Կիրակոս Գանձակեցու գլխավոր երկը՝ «Հայոց պատմությունը», ընդգրկում է IV դարից մինչև 1265–66 թթ-ի իրադարձությունները: Բաղկացած է «Առաջաբանից», որտեղ թվարկված են մատենագիրները՝ Ագաթանգեղոսից մինչև Վանական Վարդապետ, և 65 գլխից: Բաժանվում է 2 մասի: Առաջին մասում (մինչև 1197 թ.) համառոտ շարադրված է Հայ եկեղեցու պատմությունը, ինչպես նաև ներկայացված են առանձին քաղաքական, մշակութային իրադարձություններ: Երկրորդ մասը մոնղոլների առաջին արշավանքների և Հայաստանում նրանց տիրապետության սկզբնական շրջանի մանրամասն պատմությունն է: Այստեղ Գանձակեցին՝  որպես դեպքերի ու իրադարձությունների ականատես պատմիչ, կարևոր տվյալներ է հաղորդում մոնղոլների՝ Այսրկովկաս ու Հայաստան կատարած արշավանքների, լեզվի, կենցաղի, բարքերի, հասարակական կառուցվածքի, հայ  իշխանավորների, Կիլիկիայի հայկական պետության ու մոնղոլների փոխհարաբերությունների մասին:  Գանձակեցու «Հայոց պատմությունը» բարձր են գնահատել և նրանից օգտվել են նրա ժամանակակիցներ Վարդան Արևելցին, Մխիթար Այրիվանեցին, հետագայում` բազմաթիվ հայ և օտարազգի գիտնականներ: Մեզ է հասել «Պատմության» 47 ընդօրինակություն. 31-ը պահվում են Երևանի Մատենադարանում, մնացածը՝ Վիեննայի, Փարիզի, Լոնդոնի, Սանկտ Պետերբուրգի, Կոստանդնուպոլսի մատենադարաններում և այլուր: Երկն առաջին անգամ հրատարակվել է 1858 թ-ին, Մոսկվայում, գիտաքննական հրատարակությունը լույս է տեսել 1961 թ-ին, Երևանում:

Աղբյուրը` Հայոց պատմ. դասագիրք 11,հումանիտար հոսք, Երևան 2010, էջ 90

Կիրակոս Գանձակեցի

Հայ պատմագրության մեջ համաշխարհային պատմության շարադրանքի ժանրը`որպես նոր ուղղություն հիմնադրել է Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկ): Ստեփանոս Տարոնեցին կոչվել է Ասողիկ, հավանաբար լավ երաժիշտ կամ երգիչ և կամ հայտնի ճարտասան լինելու պատճառով։ Ասողիկից մեզ է հասել միայն «Պատմաթիւն տիեզերական» խորագրով երկը, որ գրել է հայոց կաթողիկոս Սարգիս Սևանցու հանձնարարությամբ։Ասողիկը իր Պատմությունը կոչել է «Տիեզերական», քանի որ գրել է մի երկ, ուր արտացոլվում է ոչ միայն իր ժողովրդի, այլ Մերձավոր արևելքի բազմաթիվ այլ ժողովուրդների պատմությունը, սկսած վաղ ժամանակներից մինչև իր ապրած օրերը։

Աշխատությունն ունի երեք բաժին: Առաջին բաժինը ընդգրկում է հնագույն շրջանից մինչև Հայաստանում հեթանոսության ավարտը, երկրորդը`Հայաստանում քրիստոնեության ընդունումից մինչև Բագրատունյաց թագավորության անկումը, իսկ երրորդը`885-1004թթ.: Այս աշխատության մեջ տեղեկություններ կան նաև Սասանյան Պարսկաստանի, Արաբական Խալիֆայության և Բյուզանդիայի մասին:

Աղբյուրը` Հայոց պատմ. դասագիրք 11,հումանիտար հոսք, Երևան 2010, էջ 90

Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ)

Համաշխարհային պատմություն շարադրելու երկրորդ փորձը կատարել է նշանավոր մանկավարժ, եկեղեցական գործիչ Վարդան Արևելցին (մոտ 1200, Գանձակ – 1271, Խոր Վիրապ): Նրա աշխարությունը կոչվում է «Տիեզերական Պատմություն»: Սկսվում է անհիշելի ժամանակներից և շարունակվում է մինչև 1267թ.:

Կրթություն է ստացել Նոր Գետիկի վանքում (աշակերտել է Մխիթար Գոշին), այնուհետև Տավուշի Խորանաշատի վանքում՝ Վանական Վարդապետի մոտ: Կարգվել է վարդապետ, իսկ 1235 թվականին՝ րաբունապետ, ծավալել է ուսումնագիտական բեղմնավոր գործունեություն: Հիմնել է Կայենաբերդի Սուրբ Անդրեաս վանքի դպրոցը և այնտեղ զբաղվել ուսուցչությամբ (1235–39թթ., 1252–53թթ.): 1239   թվականին ուխտագնացության է մեկնել Երուսաղեմ, վերադարձին այցելել է Կիլիկյան Հայաստան, հանդիպել Հեթում Ա թագավորի և Հայոց կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու հետ: Մասնակցել է  Սսի 1243 թվականի ազգային-եկեղեցական ժողովին, այնտեղ սահմանված կանոնները 1245 թվականին բերել Հայաստան՝ հայ «արևելյան» վարդապետներին: 1248 թվականին դարձյալ մեկնել է Կիլիկիա՝ իր հետ տանելով «արևելյան» վարդապետների պատասխան թուղթը: Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսի համահեղինակությամբ գրել է հայությանն ուղղված «Թուղթ խրատական»-ը և Հռոմի պապի դավանաբանական գրության պատասխանը, մասնակցել Սսի 1251 թվականի ժողովի ընդունած կանոնների մշակմանը: 1252 թվականին վերադարձել է Հայաստան, գումարել Հաղպատի և Ձագավանի եկեղեցական ժողովները, հիմնել Սաղմոսավանքի, Թեղենյաց մենաստանի, Աղջոց վանքի, Խոր վիրապի, Հառիճի վանքի, Խորակերտի դպրոցները: Խոր վիրապում նրան աշակերտել են միջնադարյան հայ մշակույթի նշանավոր գործիչներ Գևորգ Սկևռացին,  Հովհաննես Երզնկացի Պլուզը, Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Գրիգոր Բալուեցին և ուրիշներ:  Վարդան Արևելցին իր գրական մեծ վաստակի և հոգևոր-կրթական գործունեության շնորհիվ մեծ ճանաչում է ունեցել միջնադարյան Հայաստանում և Կիլիկիայում: Ժամանակակիցները նրան մեծարել են «սուրբ», «հոգիապայծառ սուրբ հայր», «լուսավոր վարդապետ», «եռամեծ», «տիեզերալույս վարդապետ» պատվանուններով: Իսկ Գրիգոր Տաթևացին նրան ներկայացրել և պատվել է «Մեծն Վարդան» անունով:

Աղբյուրը` Հայոց պատմ. դասագիրք 11,հումանիտար հոսք, Երևան 2010, էջ 91

http://khachik-aper.do.am/Vardan_Arevelci.pdf

Վարդան Արևելցի

X-XIV դարերում տարածված էր Հայաստանի տարբեր շրջաններին նվիրված պատմության շարադրանքը: Այս ժանրի հիմնադիրը VIII դարում եղել է Մովսես Կաղանկատվացին:

Այս ժանրում ստեղծագործել է Թովմա Արծրունին (9-10 դարեր): Նրա աշխատությունը կոչվումէ «Պատմություն Արծրունյաց տան»: Այդ նվիրված է Վասպուրական նահանգին և Արծրունիների տոհմին: Երկը արժեքավոր աղբյուր է ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների պատմության համար: Հեղինակը սկսում է վաղ ժամանակներից` հասցնելով շարադրանքը մինչև մ.թ. 9-րդ դարի վերջ: Նրանից հետո երկը շարունակում են մի քանի անանուն հեղինակներ, որոնք հասցնում են շարադրանքը մինչև 1370-ական թթ:
«Արծրունյաց տան պատմություն»-ը բաղկացած է չորս մասերից: Սակայն այս բաժանումը ձևական է: Նյութը կարելի է բաժանել 2 մասերի: Առաջինը ` Հին Շրջան: Այն ներառում է Ադամից մինչև 850 թվականը: Այս շրջանի համար Թովմա Արծրունին օգտագործել է հին պատմագիրների երկրերը (Ագաթանգեղով, Փավստոս Բյուզանդ,Կորյուն, Ղազար Փարպեցի, Եղիշե, Խորենացի և այլք): Երկրորդը`Նոր շրջան`Իր ժամանակաշրջանը: Այս բաժինը սկսվում է 851 թվականով` Արաբական խալիֆայության դեմ հայերի ապստամբության նկարագրությունով: Թովմա Արծրունու երկը հանկարծակի ընդհատվում է երրորդ մասի ԻԹ (29)-րդ գլխի վրա, որը մեզ է հասել անավարտ տեսքով: Այն շարունակել է ոմն Անանուն պատմիչը, բայց Անանունի երկի վերնագիրը, սկիզբն ու վերջը նույնպես պակասում են:

Պատմության գրաբար բնագիրը լույս է տեսել 1852 թ. Կ.Պոլսում: Թովմա Արծրունու երկը թարգմանվել է մի շարք լեզուների` ֆրանսերեն (1874), անգլերեն (1985), ռուսերեն (2001): Աշխարհաբար թարգմանությունը (թարգմանիչ` Վրեժ Վարդանյան) լույս է տեսել 1978 թ., վերահրատարակվել է` 1999 թ.: (http://hpj.asj-oa.am/2238/1/1975-2(146).pdf)

Աղբյուրը` Հայոց պատմ. դասագիրք 11,հումանիտար հոսք, Երևան 2010, էջ 91

Թովմա Արծրունի

http://hy.wikipedia.org/wiki/%D4%B9%D5%B8%D5%BE%D5%B4%D5%A1_%D4%B1%D6%80%D5%AE%D6%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB_(%D5%A1%D6%80%D5%A5%D6%82%D5%B4%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A7%D5%B6)

XIII դարի երկրորդ կեսի նշանավոր եկեզեցական-քաղաքական գործիչ է Ստեփանոս Օրբելյանը: Նա սերվում է Օրբելյանների իշխանական տոհմից: Հայրը՝ Սյունիքի Իշխանաց իշխան, հայոց և վրաց Աթաբեկ Տարսայիճ Օրբելյանն էր: Մանուկ հասակում որդեգրվում է հորեղբոր՝ Սյունիքի գահերեց իշխան Սմբատի կողմից, կրթություն է ստանում Տաթևի վանքում: Ստացել է փայլուն կրթություն, հմտացել հայ դպրության և երաժշտության մեջ, 1280 թ-ին օծվել է կուսակրոն քահանա: 1285 թ-ին, երբ հայրը՝ Տարսայիճ Օրբելյանը, դարձել է Սյունիքի իշխան, Ստեփանոսին ուղարկել է Կիլիկյան Հայաստան, որտեղ Հայոց նորընտիր կաթողիկոս Կոստանդին Բ Կատուկեցին (1286–89 թթ.) նրան ձեռնադրել է Սյունիքի մետրոպոլիտ: 1287 թ-ին Օրբելյանը վերադարձել է Սյունիք: Նրան հաջողվել է զսպել Սյունիքի հոգևորականների պառակտիչ փորձերը, հոր օգնությամբ միավորել է Տաթևի ու Նորավանքի առաջնորդարանները՝ «մի առաջնորդ և մի իշխեցող» կարգախոսով: Օրբելյանը մոնղոլ իշխաններից ձեռք է բերել Սյունյաց հոգևոր կենտրոնների և եկեղեցականների ապահարկության վիճակը հաստատող արտոնագրեր: Նյութապես օգնել է գրչության կենտրոններին. 1297 թ-ին ավարտել է Տաթևի վանքի նորոգումը, նպաստել Գլաձորի համալսարանի հիմնադրմանն ու բարգավաճմանը: Նրա գլխավորությամբ գումարվել է եկեղեցական ժողով, որը մերժել է հռոմեական դավանանք ընդունելու կաթողիկոս Գրիգոր Է Անավարզեցու պահանջը: Ստեփանոս Օրբելյանը պատմական և դավանական բնույթի երկերի և թղթերի հեղինակ է: Ամենահայտնի գործը «Պատմութիւն նահանգին Սիսական» կամ «Պատմութիւն տանն Սիսական» (1299) աշխատությունն է, որտեղ ներկայացվում է Սյունյաց աշխարհի եկեղեցական և քաղաքական ամբողջական պատմությունն ու աշխարհագրությունը: Երկը ժամանակագրական առումով ընդգրկում է Հայոց թագավոր Տրդատ Ա-ից մինչև XIII դ. վերջի իրադարձությունները: Առավել արժեքավոր են Պատմության այն հատվածները, որոնք հեղինակը շարադրել է իբրև ականատես: Երկում շարադրված է Սյունյաց նախարարության առաջացման, Հայաստանի կյանքում նրա խաղացած դերի, Սյունիքում քրիստոնեության տարածման, Սյունյաց եպիսկոպոսության, վանքերի հոգևոր-մշակութային, տնտեսական և քաղաքական կյանքի, գրչության կենտրոնների, վարդապետարանների, Օրբելյան իշխանական տան պատմությունը: Կազմել է Սյունիքի նախարարների, եպիսկոպոսների, ինչպես նաև Հայոց կաթողիկոսների ժամանակագրությունները: Պատմության մեջ է զետեղել Գրիգոր Է Անավարզեցուն ուղղված արևելյան վարդապետների, Սյունյաց նախարարների ու հոգևորականների ստորագրությամբ վավերացված իր գրած թուղթը, որտեղ Հայոց կաթողիկոսին խորհուրդ է տրվում «անթերի պահել երեք աստվածագումար ժողովների, սուրբ Գրիգորի և նրա որդիների ու թոռների հավատքի սահմանը», ազգ-եկեղեցական ժողովների կանոնները, հայոց ավանդություններն ու ծիսադավանական ուղղափառ սկզբունքները, հորդորել հետ կանգնել Հայ եկեղեցում նոր կարգեր ներմուծելու մտադրությունից:

«Պատմութիւն նահանգին Սիսական»-ը առաջին անգամ հրատարակվել է Կ. Շահնազարյանի կողմից՝ 1859թ -ին, Փարիզում: Ռուսերեն թարգմանությունը և հրատարակությունը կատարվել է Մ. Էմինի կողմից 1861թ., Մոսկվայում (նոր ձեռագրերի համեմատությամբ ու հակիրճ ծանոթագրություններով): Մ. Բրոսսեի թարգմանությամբ տպագրվել է ֆրանսերեն (հ. 1, 2, 1864, 1866), հատվածաբար՝ նաև վրացերեն:

Ստեփանոս Օրբելյան դավանաբանական բնույթի ամենահայտնի գործը «Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց» (1302) ծավալուն երկն է: Բաղկացած է 12 գլուխներից կամ ձեռնարկներից, որոնք նվիրված են քաղկեդոնականների (երկաբնակների) և աղանդավորների ուսմունքների հերքումներին, Քրիստոսի բնություններին:

Աղբյուրը` Հայոց պատմ. դասագիրք 11,հումանիտար հոսք, Երևան 2010, էջ 91

Ստեփանոս Օրբելյան

http://lusamut.net/level2_.php?id=134&id_2=915&cat_=2&s=28

http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1613

Պատմության շարադրման տարեգրության ժանրը հայ պատմագրության մեձ ձևավորվել է XI-XII դդ.: Ժամանակարգության մեջ իրադարձությունները սովորաբար շարադրվում են ըստ տարիների, այդտեղից էլ դրա մյուս անվանումը`տարեգրություն:

Հայ պատմագրության մեջ այս ուղղության հիմադիրը Մատթեոս Ուռհայեցին է(XI-XII դդ.): Ծնվել է 11-րդ դարի երկրորդ կեսին Ուռհա (Եդեսիա) քաղաքում, ուր և վախճանվել է 1138-1144 թթ. միջև, տարեց հասակում։ Կարծիք է հայտնվել, որ նա կարող է զոհված լինել Հալեպի Զանգի ամիրայի կողմից 1144 թ. Ուռհայի գրավման ժամանակ։
Մատթեոս Ուռհայեցին վանական էր, իր «Ժամանակագրություն» աշխատությունը հիմնականում գրել է Ուռհա քաղաքում, կյանքի վերջին տարիներին եղել է նաև Քեսունում։ Երկը սկսվում է 952 թ. և ավարտվում 1136-1137 թթ. դեպքերի նկարագրությամբ, բաժանվելով երեք մասի։ Առաջին մասն ընգրկում է 952-1051 թթ. դեպքերը, այսինքն՝ մեկ հարյուրամյակի պատմություն, երկրորդ մասը 1051-1101 թթ. հիսուն տարվա պատմություն, իսկ երրորդը հասցնում է մինչև 1136-1137 թվականները։
«Ժամանակագրությունը» Ուռհայեցին սկսել է գրել 1113 թ., ընդ որում առաջին մասի հարյուրամյա շրջանի պատմությունը շարադրել է ութ տարվա ընթացքում, ավարտելով այն 1121 թվականին։ Այնուհետև նա սկսել է շարադրել երկրորդ մասը, որն ավարտել է 1128 թ.։ Երկրորդ մասի շարադրանքն ավարտելուց հետո Ուռհայեցին տասը տարի ընդմիջում է տվել, ապա շարունակել է գրել 1138 թ. և մտադիր է եղել շարադրել երեսուն տարվա պատմություն՝ 1101-ից մինչև 1130 թ., բայց, ինչպես տեսնում ենք, հասցրել է մինչև 1136 -1137 թթ.։ Ուռհայեցու «Ժամանակագրությունը» ընդգրկում է այն ժամանակաշրջանը, երբ արաբական երկդարյա տիրապետությունից հետո 9-րդ դարի կեսերին հայ ժողովուրդը, օգտվելով խալիֆայության թուլացումից, Հայաստանի մի շարք շրջաններում վերականգնել էր իր ինքնուրույնությունը։

Ստորև ներկայացնում եմ երկից վերցված մի քանի իմաստալից մտքեր`

Առյուծի ձագին չտեսած, մի ՛ արհամարհիր:

Անչափ դրամասիրությունը կուրացնում է մարդկանց:

Քեզնից ուժեղին մի հակառակվիր:

Այն ծառերը, որոնք պտուղ չեն տալիս, կտրտվում և կրակն են նետվում:

Կեղծավո ՛ր, նախ քո աչքից հանի ՛ր գերանը:

Չնայած ծիծեռնակ կոչվող թռչունը իր ծլվլոցով շատերի դեմ է ուզում պայքարած լինել, սակայն, այնուամենայնիվ, մարմնով տկար է:

Աղբյուրը` Հայոց պատմ. դասագիրք 11,հումանիտար հոսք, Երևան 2010, էջ 91

http://armplaneta.com/mattheos-urhayetsi/#more-3749

Մաթէոս ՈւռհայեցՄատթեոս ՈւռհայեցիՀաջորդ նշանավոր ժամանակագիրը Սամուել Անեցին է: Հայ պատմագրության XII դարի նշանավոր երկերից է Սամուել Անեցու «Հավաքմունք ի դրոց պատմագրաց…» վերնագիրը կրող ժամանակագրությունը։ Սամուելը բազմաթիվ աղբյուրներում հիշատակվում Է որպես «քահանայ Կաթողիկեին Անւոյ»: Աշակերտել Է Գևորգ վարդապետին, Հովհաննես Սարկավագին։ Տարածված տեսակետի համաձայն Անեցու ժամանակագրությունը «սկսվում Է Ադամից և հասցվում՛մինչև 1180 թ.»: Գրվել Է «Գրիգոր Տղա կաթողիկոսի հանձնարարությամբ»։ Սակայն Սամուելի երկի Կամրշաձորում գրված ամենավաղ ընդօրինակությունը և մի քանի այլ փաստարկներ, թույլ են տա/իս վերանայել այս երկու գրույթը:                                                                                                   Երկը ներկայացնում է աշխարհի արարչագործությունից մինչև 12-րդ դարի 60-ական թթ. պատմության համառոտ ժամանակագրական շարադրանքը, որին զուգահեռ տրվում են ցանկեր ցանկեր ժամանակագրական տարբեր համակարգերի թվագրություններով: Պարունակում է արժեքավոր տեղեկություններ Կիլիկյան Հայաստանի պատմության վերաբերյալ: Սամվել Անեցին իր Ժամանակագրությունը կազմել է կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունու (1113-1166) պատվերով եւ այն ավարտել 1163 թ.:          Ժամանակագրության հայերեն լեզվով եղած առայժմ միակ հրատարակությունը կատարվել Է 1893 թ. Վազարշապատում, Արշակ Տեր-Միքելյանի կողմից։ Այն ավելի վաղ թարգմանվել Է լատիներեն, հատվածաբար՝ ֆրանսերեն, իսկ XIX դարի վերշերի հայ ուսումնասիրողներին ծանոթ Է եղել նաև զանազան ձեոագիր օրինակների միշոցով։

Աղբյուրը` Հայոց պատմ. դասագիրք 11,հումանիտար հոսք, Երևան 2010, էջ 91

Սամուել Անեցի

http://hy.finanzalarm.com/details/%D5%8D%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D5%A5%D5%AC_%D4%B1%D5%B6%D5%A5%D6%81%D5%AB.html

http://hpj.asj-oa.am/5581/1/1992-1(156).pdf

XIII դարի նշանավոր ժամանակագիր է Կիլիկիան Հայաստանի պետական գործիչ, օրենսդիր Սմբատ Գունդստաբլը  (1208-1276թթ.): Սմբատ Գունդստաբլը Կոստանդին պայլի ավագ որդին է, Հեթում Ա  (1226-1270թթ.) արքայի ավագ եղբայրը: Պատմական ասպարեզ է ելել Լևոն Բ արքայի (1187-1219թթ.) կառավարման վերջին շրջանում, իսկ եղբոր` Հեթում Ա-ի գահ բարձրանալուց հետո ստանձնել է սպարապետի պաշտոնը` վարելով այն կես դար շարունակ: Սմբատ Սպարապետի նախնիները Կիլիկիա են տեղափոխվել XI-րդ դարում Մեծ Հայքից, հաստատվել Լամբրոնում, ապա իրենց իշխանությունը տարածել Կիլիկիայի որոշ բերդերի վրա` հիմք դնելով Հեթումյանների իշխանությունը: Սմբատ Գունդստաբլին են վերագրում նաև Ռուբինյան թագավորության պատմության` «Տարեգրքի» հեղինակումը, որը երկար ժամանակ անհայտ էր և հայագիտության մեջ համարվում էր կորած: 1848թ. Մ. Ֆ. Բրոսեն Էջմիածնի վանքի գրադարանում հայտնաբերեց այդ ժամանակագրության երկու ձեռագիր օրինակեր, որոնց հիման վրա 1856թ. լույս տեսավ «Տարեգրքի» առաջին հրատարակությունը` Ոսկան Հովհաննիսյանցի կողմից` «Սմբատայ Սպարապետի եղբօր Հեթմոյ առաջնոյ արքայի Հայոց Պատմութիւն Յունաց ի Կոստանդնուպօլիս և Հայոց Մեծաց ըստ կարգի ժամանակաց» խորագրով, ապա 1859թ. Կարապետ վ. Շահնազարեանցի կողմից Փարիզում լույս տեսավ երկրորդ հրատարակությունը` «Տարեգիրք արարեալ Սմբատայ Սպարապետի հայոց որդւոյ Կոստանդեայ կոմսին Կոռիկոսոյ» վերնագրությամբ: Քիչ ավելի ուշ (1876թ.) հայտնաբերվեց ևս մեկ ձեռագիր օրինակ, այն հրատարակվեց 1956թ. Սերովբե Ագլյանի կողմից` անհրաժեշտ որոշ նշումներով: Այս աշխատությունում արժեքավոր և հարուստ տեղեկություններ են հաղորդվում Կիլիկիայի հայկական պետության և հարևան երկրների հարաբերությունների, հայ-մոնղոլական զինակցության և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
Սմբատ Գունդստաբլը 1265թ. հեղինակել է նաև «Դատաստանագիրք»-ը, որը արժեքավոր սկզբնաղբյուր է Կիլիկիայի հայկական պետության հասարակական-քաղաքական կարգերի ուսումնասիրության համար: Այն բաղկացած 202 հոդվածներից, որոնցում լուսաբանվում են այդ պետության XIII դարի սոցիալ-իրավական հարաբերությունները: «Դատաստանագրքում» արտացոլված են արքայի ու նրա վասալների, աշխարհիկ և հոգևոր իշխանության ներկայացուցիչների, տերերի և ճորտերի իրավական հարաբերությունները, ինչպես նաև` օրենքներ առևտրականների և արհեստավորնների վերաբերյալ:

Աղբյուրը` Հայոց պատմ. դասագիրք 11,հումանիտար հոսք, Երևան 2010, էջ 92

Հայոց Պատմ. Հիմնահարցեր, ԵՊՀ, Հայոց պատմության ամբիոն,Երևան 2000, էջ 287-290

Սմբատ Գունդստաբլ

http://hovsepgevorgyan.wordpress.com/tag/%D5%BD%D5%B4%D5%A2%D5%A1%D5%BF-%D5%A3%D5%B8%D6%82%D5%B6%D5%A4%D5%BD%D5%BF%D5%A1%D5%A2%D5%AC/

http://hy.finanzalarm.com/details/%D5%8D%D5%B4%D5%A2%D5%A1%D5%BF_%D4%B3%D5%B8%D6%82%D5%B6%D5%A4%D5%BD%D5%BF%D5%A1%D5%A2%D5%AC.html

Реклама
Запись опубликована в рубрике Ուսումնասիրություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s