Ուիլյամ Շեքսպիր

 

Շեքսպիր

Շեքսպիր` հանճար, ում անունը լսում ենք շատ հաճախ: Արդյո՞ք նա արժանի է  հանճարի կոչմանը:  Սա հասկանալու համար և հետաքրքրությունից դրդված սկսեցի կարդալ նրա գրած ողբերգությունները` «Համլետ», «Մակբեթ», «Լիր Արքա» և «Օթելլո»: 

Ծանոթագություններ

«Համլետը»  գրվել է 1600 կամ 1602թ.: Համլետի պատմությունը գրի է առնվել նաև  դանիացի Սաքսոն Գրամատիկուսի «Դանիական պատմություն» աշխատության մեջ, սակայն Գրամատիկուսի այդ երկի հետ Շեքսպիրի ծանոթությունը հաստատող տվյալներ գտնված չեն: Անհավանական չէ, որ Շեքսպիրը ծանոթ է եղել Ֆրանսիացի Բելֆորեի «Ողբերգական պատմություններ» հավաքածուին: Գրքի 5-րդ գլխում գրված է Համլետի պատմությունը, որտեղ Բելֆորեն Համլետին անվանում է Ամլետ:

«Օթելլո»-ի տեքստը մեզ հասել է երկու խմբագրությամբ: Մեկը 1622թ. hրատարակությունն է, մյուսը` 1623-ի: Սրանց մեջ կան էական տարբերություններ, բայց քննական հրատարակության համար հիմք է հանդիսանում առաջին տարբերակը`որոշակի ուղղումներով:
Օթելլոյի առաջին դերակատարը եղել է Ռիչարդ Բերբեջը:

«Մակբեթ»-ի տեքստը մեզ հասել է բավական աղքատ վիճակում: Չափազանց կարճ է` ընդամենը 2000 տող, այն դեպքում, երբ նրա մյուս ողբերգությունների սովորական չափը  2500-3000 տող է (Իսկ Համլետինը նույնիսկ 4000 տող): Դա բացատրվում է նրանով, որ պիեսը գրվել է շտապ և արքունի թատրոնում խաղալու համար:
Գրության ստույգ ժամանակը հայտնի չէ: Ենթադրվում է, որ այն գրվել է 1605թ. վերջերին, կամ ավելի հավանական է 1606թ.-ին:

«Լիր Արքա» ողբերգությունը առաջին անգամ լույս է տեսել 1608թ.: Տեքստը պահպանվել է վատ վիճակում: Շատ անհասկանալի տեղեր կան. դա բացատրվում է ձեռագրի վատ դրությամբ: «Լիր Արքան» գրվել է ոչ ուշ, քան 1606թ., քանի որ նույն տարվա դեկտեմբերի 26-ին բեմադրվել է արքունի թատրոնում և ոչ էլ 1603թ. շուտ, քանի որ որոշ փոխառումներ են նկատված Սեմյուել Հարսնետի գրքից: Լիր Արքայի առաջին դերակատարը նույնպես եղել է Ռիչարդ Բերբեջը:

 

Իսկ հիմա կարծիքս Շեքսպիրի և իր ստեղծագործությունների մասին: Ես ինքս Շեքսպիրին համարում եմ հանճար:

Ինչպես նկատեցիք, նա այս պիեսները գրել է XVII դարի սկզբներին, որոնց մեջ կան այնպիսի դրվագներ, դեպքեր, արտահայտություններ ու խոսքեր, որոնք այժմեական են: Խոսքերի ու արտահայտությունների մի մասը կարող են մեզ համար դառնալ կյանքի ուղեցույց: Նա գրել է շատ խորը ու իմաստալից, գրել է բոլոր ժամանակների համար: Հենց դրանում էլ ես տեսնում եմ Շեքսպիրի հանճարը:

Ստեղծագործություններից  յուրաքանչյուրը ինքնին շատ հետաքրքիր ու բովանդակալից են: Անկեղծ ասած` ես լրիվ այլ պատկերացումներ եմ ունեցել այս ստեղծագործությունների մասին: «Համլետ» ֆիլմը դիտել էի ու որոշ չափով տեղյակ էի, թե ինչ դեպքեր են ծավալվում այնտեղ (դրա համար էլ «թյուր» պատկերացումներ չունեի J): Բայց ամեն դեպքում, գիրքն ավելի հաճելի և հաջողված է, քան ֆիլմը: Այդուհանդերձ, ֆիլմը նույնպես ինձ շատ էր դուր եկել: (Ի դեպ` ֆիլմը կարող եք դիտել այստեղ):

Համլետից իմ ուշադրությունը գրավեց ու իմ կողմից ընդունվեց հատկապես Պոլոնիուսի ` Լաուերտին ուղղված խրատները, որոնք հաստատ պետք կգան յուրաքանչյուրիս:

Պոլոնիուս – Լաուերտ

Եվ այս մի քանի սկզբունքները հիշողությանդ մեջ,
Տես, լավ փորագրես: Լեզու մի շռայլիր ամեն մի մտքիդ,
Եվ ոչ էլ ամեն տհաս խորհրդի՝ գարծադըրություն.
Մարդամոտ եղիր, բայց ոչ գըռեհիկ,
Բարեկամներիդ, որ ընտրած լինես և փորձի դըրած,
Պողպատ օղերով պրկիր հոգուդ հետ.
Բայց ձեռքիդ ափը մի՛ կոշտացընիր՝ պատվասիրելով
Նոր ձվից ելած և դեռ անփետուր ամեն ընկերի:
Զգույշ կաց կռվից, բայց երբ մեջ մըտար՝
Այնպես տար գործը, որ զգուշանա ոսոխըդ քեզնից:
Ականջդ ամենքին, ձայնդ քչերին.
Առ ամեն մարդուց նըրա կարծիքը,
Դատողությունըդ քեզ համար պահիր:
Թանկ զգեստ հագիր, որքան քըսակըդ կարող է զորել.
Բայց ոչ սեթևեթ. ճոխ, ոչ զարդարուն,
Քանզի զգեստը հայտնում է հաճախ թե ինչ է մարդը,
Եվ Ֆրանսիայում դիրք ու աստիճան ունեցող մարդիկ
Շատ նուրբ ու ընտիր ճաշակի տեր են, հատուկ այդ բանում:
Ոչ պարտք առ, ոչ տուր, քանզի շատ անգամ փոխատվությունը
Թե՛ դրամն է կորցնում, թե՛ բարեկամին.
Փոխառությունն էլ բըթացընում է խնայողությունը:
Այս ամենից վեր, միշտ անկեղծ եղիր դու ինքդ քեզ հետ,
Եվ կըհետևի այս բանին, ինչպես տիվը գիշերին,
Ոչ ոչ ոքի հետ չես կարող կեղծել: Դե~հ, գընաս բարով,
Եվ օրհնությունըս թող սըրանք քո մեջ արգասավորե:

 

Օթե~լլո…. Իմ պատկերացումներում Օթելլոն մի գեղեցիկ, նրբակազմ, ռոմանտիկ, միևնույն ժամանակ առնական, քաջ, բարի ու հզոր արքայազն էր, որը անմեղ ու անհատակ սիրով սիրում էր Դեզդեմոնային: Իսկ Դեզդեմոնան իմ մեջ նույնացվում էր Ջուլիետի հետ` գեղեցիկ էր, հաճելի, խելացի, համարձակ: Իսկ նրանց պատմությունը նման էր մի երազի, որտեղ նրանք ուղղակի սիրում են իրար` անմոռաց, աննկուն ու անկասկած սիրով` առանց որևէ խոչընդոտների: Բայց իրականում Օթելլոն սևամորթ ու հաստաշուրթ տղամարդ էր: Մավր էր, Վենետիկում ապրող ինչ-որ պաշտոնյա, ազնվական, որն ուներ իր տեղակալը և դրոշակիրը: Նա խանդոտ էր և այդ խանդի պատճառով ամեն ինչ վերածվեց ողբերգության: Նա սպանեց Դեզդեմոնային, իսկ հետո ինքն իրեն: Այսուհանդերձ, ես այս պատմությունը շատ սիրեցի ու որոշ հետևություններ արեցի ինձ համար: Հասկացա, որ պետք չէ լինել շատ կասկածամիտ ու խանդոտ, որ պետք է յուրաքանչյուր  քայլ անելուց առաջ լավ կշռադատել, ծանրութեթև անել, որպեսզի հետո չկանգնես փաստերի առաջ:

 

Մակբեթը ինձ համար քաջ, հզոր, ուժեղ զորավար էր, մի մարտիկ, ով չէր վախենում ոչնչից: Ի դեպ` իմ կարծիքով նա շատ ազնիվ ու բարեսիրտ անձնավորություն էր, որը օգնում էր բոլորին, մի խոսքով նա իմ մեջ մարմնացած էր ինչպես իդեալական տղամարդ: Իսկ ամենակարևորն ու ամենածիծաղելին այն էր, որ ես կարծում էի, թե Մակբեթն ամուրի է, շատ աղջիկներ երազում են նրա կինը դառնալու մասին ու այդ պատվին արժանանալու համար իրար դեմ համառ պայքար են մղում..: Այնինչ, Մակբեթն ամուսնացած էր: Ինչպես հենց ինքը`Մակբեթը, այնպես էլ կինը` Լեդի Մակբեթը, խաբեբաներ էին, ստախոսներ ու մարդասպաններ, ովքեր նենգությամբ փորձում էին տիրանալ Սկովտիայի թագավորի` Դունկանի գահին: Իսկ այս պատմությունից ես հասկացա, որ միշտ փոս փորողն ինքն է ընկնում մեջը և վաղ թե ուշ մարդիկ պետք է պատժվեն իրենց վատ ու չար արարքների համար: Պետք չէ հանուն փառքի կեղտոտել սեփական ձեռքերն ու հոգին: Ապրեք խաղաղ, միմյանց բարություն անելով, ախր դա այնքա~ն հեշտ է և ուրախալի:

Մակբեթից ինձ դուր եկաց խոսքերից մեկը `

Չկա մի արվեստ, որ կարողանա հոգու շինվածքը տեսնել դեմքի մեջ…:
Արքա  Դունկան

 

Լիր արքան չար, դաժան, բիրտ ու կնամոլ թագավոր էր, որը անընդհատ նորանոր պատերազմներ էր սկսում, նվաճում տարբեր երկրներ, քաղաքներ, բերդեր:  Նենգ էր, խաբեբա: Չգիտեմ ինչու էր իմ մեջ այսպիսի կարծիք ձևավորվել, բայց երևի այն ժամանակ, երբ առաջին անգամ լսել էի Լիր Արքայի մասին (երևի 6-7 տարեկան էի), ես բոլոր թագավորների մասին ունեի համանման ու վատ կարծիքը: Բայց ի ուրախություն ինձ, Լիրը բարի, հնազանդ, ալևոր մի ծերուկ էր, ով սիրում էր իր աղջիկներին, թեպետ պալատից «վռնդեց» Կորդելիային: Նա անգամ թագավորությունը բաժանեց իր աղջիկների միջև և տվեց նրանց որպես օժիտ` փոխարենը ստանալով արհամարհանք և անպատվություն:
Պատկերացնելով այս տեսարանները աչքիս առաջ և ինձ համեմատելով Ռեգանի ու Գոներիլի (Լիր արքայի մյուս աղջիկները, որոնց նա տվեց թագավորությունը) հետ, ևս մեկ անգամ համոզվեցի, որ ես երբեք նման կերպ չեմ վարվի ընտանիքիս որևէ անդամի հետ, նույնը խորհուրդ կտամ և’ ձեզ: Հարգեք ու սիրեք ձեր ծնողներին, գնահատեք նրանց ու այն ինչ ունեք…
Լիր Արքայից ամենաշատը դուր է եկել Խեղկատակի խոսքերը, բայց դրանք այնքան շատ են, որ այդքանը չեմ ուզում գրել: Կգրեմ Ռոսի ասած խոսքերը:

Ժամացույցի վրա ցերեկ է արդեն,
Բայց մութ գիշերը խեղդում է դեռևս ճամփորդ լապտերը:
Արդյոք գիշերի հաղթանա՞կն է այս,
Թե ամաչում է օրը երևալ,
Որ խավարն այսպես գերեզմանել է երկրի երեսը,
Երբ պետք է արդեն կենդանի լույսը համբույր տար նրան:
Ռոս

Հ.գ. Բոլոր նրանք, ովքեր դեռ չեն կարդացել, թող անպայման կարդան: Հաստատ դուր կգա:

Реклама
Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s